Այսօր Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է 2008-ի հուլիսին «Ժառանգություն» կուսակցության համագումարում տեղի ունեցած կեղծիքների կապակցությամբ իր հատուկ կարծիքին, որը հրապարակվել էր մի քանի օր առաջ:

Հիշեցնենք, որ այնտեղ Զարուհի Փոստանջյանն անդրադարձել էր Արմեն Մարտիրոսյանի կողմից կեղծիքներ իրականացնելու փաստին, նշելով, որ եթե կուսակցությունը որոշել է կեղծիքների համար հեռացնել մի քանի անդամի, ապա նույն տրամաբանությամբ պետք է հեռացվի նաեւ Ա. Մարտիրոսյանը, որը նույնպես կեղծիքներ է կատարել: Զ. Փոստանջյանը սակայն կողմնակից է եղել, որպեսզի խտրական վերաբերմունք չդրսեւորվի, եւ բոլորն էլ վերականգնվեն կուսակցության շարքերում:

«Շատ ցավում եմ, որ նման իրավիճակ է ստեղծվել իմ բացակայության ժամանակ մեր վարչությունում: Այս իրավիճակը որ ստեղծվել է, կարծում եմ, եւ խորհուրդ եմ տալիս նաեւ լրագրողներին՝ մեծ աղմուկ չբարձրացնել: Սա սովորական վիճակ է, որը կարող է լինել ցանկացած կուսակցությունում եւ մենք հաղթահարելու ենք, կարելի է ասել՝ արդեն իսկ հաղթահարել ենք եւ բացարձակ կարիք չկա նորից անդրադառնալ այդ հարցին»,- նշեց նա ու ընդգծեց. «Վարչության այն անդամները, որոնք հրապարակել են իմ այդ դիմումն ու հատուկ կարծիքը, որոշում էին կայացրել, ըստ որի՝ պետք է առաջ գնալ: Կարելի էր այդ մարդկանց հարցնել, թե ինչո՞ւ մեկ տարի առաջ իրենք համաձայնեցին այդ հատուկ կարծիքի դրույթներին, որ պետք է գնալ առաջ, գնալ՝ միմյանց ներելով ու զիջողականությամբ: Ցավում եմ, որ այս անգամ դա չի ստացվել, բայց կարծում եմ, որ ամեն ինչ կարելի է վերականգնել, որովհետեւ ոչ մեկս այստեղ իրար թշնամի չենք»:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ թե՛ Արմեն Մարտիրոսյանի, թե՛ Զոյա Թադեւոսյանի հետ եղել է այնպիսի իրավիճակներում, որ իրենց կյանքին վտանգ է սպառնացել, ապա հավելեց. «Կարծում եմ, որ այս միմյանց չհասկանալը շատ վատ է, բայց ամեն ինչ հաղթահարելի է»: