«Ժառանգություն» կուսակցությունը դեռ նախագահական նստավայրից պաշտոնապես հրավեր չի ստացել՝ մասնակցելու սեպտեմբերի 17-ին նախատեսված կուսակցապատերի ժողովին, որտեղ պետք է քննարկվեն հայ-թուրքական հայտնի արձանագրությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ստանալուց հետո իրենք կքննարկեն այն եւ որոշում կկայացնեն՝ մասնակցե՞լ այդ ժողովին, թե՞` ոչ:

«Նախկինում մեկ երկու անգամ նման քննարկման „Ժառանգությունը“ մասնակցել է, բայց նաեւ հետո հիասթափություն հայտնել քննարկման անլրջության կապակցությամբ: Հաշվի առնելով անցյալի փորձը՝ կուսակցությունը կքննարկի հարցը, նախագահական նստավայրից գրավոր հրավեր ստանալու պարագայում, եւ մենք մեր կողմից ընդունվելիք որոշման մասին տեղյակ կպահենք»,- ասաց նա: