Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ունի քաղաքական որոշում` չանդրադառնալ Հայաստանին ու հայերին վերաբերող որեւէ հարցի, քանի դեռ գտնվում ենք հայ-թուրքական արձանագրության ստորագրման նախաշեմին: Այս մասին այսօր հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության միակ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հենց այդ համատեքստում է նա տեսնում այն փաստը, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ հարցը նույնպես դուրս է մնացել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգից, քանի որ այն նույնպես առնչություն ունի հայերի հետ:

Զարուհի Փոստանջյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի հարցը չի քննարկվի նաեւ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում, ինչպես նաեւ դրան նախորդող մոնիտորինգի հանձնաժողովում: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին իրեն չեն հրավիրել՝ պատճառաբանելով, որ ընդդիմությունից արդեն ներկայացուցիչ կա՝ ի դեմս ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանի: