ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մարտի 27-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Ֆորբսը (նստավայրը՝ Սոֆիա):
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել նրան մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում եւ հույս հայտնել, որ դեսպան Ֆորբսը ջանք չի խնայի ակտիվացնելու հայ-իռլանդական քաղաքական երկխոսությունը, ընդլայնելու համագործակցությունը՝ միտված երկու երկրների հարաբերություններում առկա ներուժի լիարժեք բացահայտմանը: Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախագահը կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը: Ընդգծելով, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են միջազգային կառույցներում` Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել եւ ավելի ակտիվացնել այդ փոխգործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար՝ դեսպան Մայքլ Ֆորբսն ընդգծել է, որ համագործակցությունը զարգացնելու՝ նախագահի նշած ուղղություններն իր գործունեության առաջնահերթություններից են, եւ իր նպատակն է պաշտոնավարման ժամանակահատվածում երկկողմ հարաբերությունների առաջմղումն ու քաղաքական երկխոսության ակտիվացումը, որպեսզի հնարավոր լինի բարեկամական եւ փոխվստահության մթնոլորտում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Դեսպան Ֆորբսը եւս գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում, Հայաստանի եւ Իռլանդիայի արդյունավետ համագործակցության մասին եւ ընդգծել, որ ի թիվս բազմաթիվ ոլորտների՝ հաջողությամբ կարող են զարգանալ նաեւ հայ-իռլանդական միջխորհրդարանական կապերը, փոխգործակցությունը ԵՄ-ի շրջանակներում՝ նկատի առնելով ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած գործընկերության համաձայնագիրը:































