Մարտի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանկ Էնգելի պարբերական այցելությունները Հայաստան եւ Արցախ, նրա հետեւողական ջանքերը՝ ուղղված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացմանը։
Արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես արժեւորում է խորհրդարանական դիվանագիտության ձեւաչափը՝ որպես երկկողմ եւ բազմակողմ հարցերի քննարկման եւ ժողովուրդների մերձեցման կարեւոր հարթակ:
Զրուցակիցները կարեւորեցին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն նոր՝ առավել լայն հնարավորություններ է բացում ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ Էնգելին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։




























