Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը նրան մաղթել է հաջողություններ եւ հույս հայտնել, որ իր ակտիվ աշխատանքով նորանշանակ դեսպանը կնպաստի դարերի խորքից եկող հայ-իտալական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Վինչենցո դել Մոնակոն համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի հայ-իտալական միջպետական հարաբերությունները զարգանում են պատմական ամուր հիմքերի եւ երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիման վրա, սակայն, զրուցակիցների համոզմամբ, հարաբերությունների զարգացման ներուժը եւ ակնկալիքները շատ ավելին են:

«Մեր խնդիրն է՝ մշտապես բացահայտել այդ ներուժը, ավելացնել երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, սերտացնել մշակութային կապերը եւ, ընդհանրապես, մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Նախագահը:

Դեսպան Վինչենցո դել Մոնակոն վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը արդարացնելու իր նկատմամբ վստահությունը եւ պաշտոնավարման ժամանակահատվածում հնարավորինս կնպաստի Իտալիայի վստահելի գործընկեր ու բարեկամ Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Դեսպանը հանդիպման ժամանակ դրվատանքով է խոսել Իտալիայի հայ համայնքի մասին, որը նրա գնահատմամբ, մեծապես նպաստում է երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի զարգացմանն ու պատմության ընթացքում մշտապես իր ուրույն ներդրումն է ունեցել հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում: