«Ինչպես հայտնի է, վերջերս Ռուսաստանը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար վարկ տրամադրեց, եւ դրա մասին մեծ հպարտությամբ ազդարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ըստ թերթի տեղեկությունների՝ այդ վարկի դիմաց ՀՀ իշխանութունները համաձայնել են «մոռանալ» երկրաշարժի տարիներին «Վնեշտորգբանկի» հաշվեհամարներին փոխանցված այն ահռելի գումարները, որոնք այն ժամանակ հիմնականում հայկական սփյուռքի կողմից ուղարկվել էին Հայաստան։

Այս «հաջող» գործարքի կայացման մասով բավականին մեծ ջանքեր է թափել ԽՍՀՄ նախկին փոխգնդապետ Վիկտոր Կրիվապուսկովը, որին լավ են ճանաչում դիվանագիտական համապատասխան շրջանակներում։ Հայաստանյան շրջանակներում  ռուս «հետախույզ» Կրիվապուսկովը, շրջանառվող լուրերի համաձայն, տարբեր առիթներով վերջերս անընդհատ բարձրաձայնում է, թե իր փառահեղ նախաձեռնության շնորհիվ է, որ Ռուսաստանը Հայաստանին 500 մլն դոլար վարկ տրամադրեց, ինչի դիմաց էլ Հայաստանը «հեչ արեց» «Վնեշտորգբանկի» պարտքը։ Փաստորեն, ամեն վարկ ոչ միայն իր «ատկատը», այլ նաեւ իր գինն ունի»,-գրում է թերթը։