Ազգային Ժողովի՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի դատին կներկայացվի վաղը՝ սեպտեմբերի 16-ին: NEWS.am-ի տեղեկություններով՝ զեկույցն արդեն պատրաստ է եւ այն պետք է ԱԺ-ին ներկայացվեր սեպտեմբերի 15-ին, բայց ողջ նիստի ընթացքում զեկույցն այդպես էլ չներկայացվեց:
Հանձնաժողովի անդամ, ՀՅԴ-ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ այժմ հանձնաժողովի անդամները ստորագրություններն են դնում: Ըստ հանձնաժողովականների՝ պատրաստ լինելու պես զեկույցը կներկայացվի հանձնաժողովին: Ի դեպ, լրագրողներին այդպես էլ չհաջողվեց հարցեր տալ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին. նա նիստերի դահլիճից հեռացավ հետնամուտքով:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ցրեց Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարներին, իսկ արդեն երեկոյան հրազեն կիրառեց, ինչի արդյունքում 10 հոգի զոհվեց, հարյուրները վիրավորվեցին: Հանձնաժողովն իր ամիսներ տեւած աշխատանքի ընթացքում այդպես էլ չի բացահայտել զոհերի մահվան հանգամանքները:



















