Ամերիկայի թուրքական կոալիցիան (TSA) պատրաստ է ԱՄՆ-ի հայազգի 100 ուսանողների տրամադրել կրթաթոշակներ՝ մեկ կիսամյակի ընթացքում Թուրքիայի տարածքում կամ Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող ցանկացած համալսարանում ուսանելու համար,- հաղորդում է ամերիկյան Merced Sun-Star-ը։ Եվ իհարկե, նախագծի հովանավորները, որոնք պատրաստ են յուրաքանչյուր ուսանողի տրամադրել 2000 դոլարի չափով դրամաշնորհ, հետապնդում են իրենց նպատակները։
«Մենք հույս ունենք նպաստել Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությանը, որպեսզի ապագա սերունդներն այլեւս թշնամանք չտածեն միմյանց նկատմամբ,- հայտարարել է TSA-ի նախագահ Լինքոլն Մաքկարդին։- Երկու ժողովուրդների ընդհանուր պատմությունը մեծապես մթագնվել է թշնամանքով, որը չափազանց երկար է տեւել»։
Այդ ծրագիրը կարող է առավել գայթակղիչ լինել այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին են Սան Խոակին հովիտը, որը հազարավոր հայերի բնակավայր է։ Սակայն այն որոշ հարցեր է առաջացնում ԱՄՆ հայերի շրջանակներում, ինչը զարմանալի չէ, չէ որ պատմական նման հեգնանքի պարագայում ցանկացած ժեստ կասկած է ծնում։
«Կասկածամտությունն առկա է մշտապես՝ անցյալում Թուրքիայի վարքի պատճառով»,- հայտարարել է Ֆրեզնոյի հայագիտության պետական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Պերլոու Տեր-Մկրտչյանը։




























