Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը երկրի նախագահի կարգադրությամբ այսօր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Մերաբ Կիշմարիայի եւ Յուրի Տանաեւի հետ ստորագրել է համաձայնագրեր ռազմական բնագավառում համագործակցության մասին:

«Համաձայն փաստաթղթերի` Ռուսաստանին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում ռազմական ենթակառուցվածքի եւ ռազմակայանների շինարարության, օգտագործման եւ կատարելագործման, ինչպես նաեւ համատեղ զորախմբավորման ստեղծման հնարավորություն է ընձեռվում` ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ», — ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ալեքսեյ Կուզնեցովը:

Ըստ համաձայնությունների` Աբխազիայում ռուսաստանյան ռազմակայանի շտաբը տեղակայվելու է Գուդաուտայում, իսկ Հարավային Օսիայում` Ցխինվալիում: Ռազմակայաններից յուրաքանչյուրի թվակազմը լինելու է 1700 մարդ: Համաձայնագրերը ստորագրվել են 49 տարի ժամկետով` հաջորդող յուրաքանչյուր 5 տարին մեկ ավտոմատ երկարացմամբ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է անցյալ տարվա օգոստոսի 26-ին: