«Ռոսսելխոզնադզորը» մտադիր է Ռուսաստանի Դաշնություն առաքման համար նախատեսված հայկական լոլիկի խմբաքանակի նախնական ստուգում անցկացնել վերաարտահանման կասկածների պատճառով:
Այս որոշումը կայացվել է Հայաստանից ՌԴ լոլիկի առաքման ծավալների զգալի աճի կապակցությամբ` արտադրության ծավալների եւ լոլիկ արտադրողների անունների մասին ամբողջական տեղեկատվության, ինչպես նաեւ արտադրանքի ծագման երկրի մասին հուսալի տեղեկությունների բացակայության պայմաններում:
Ռուսական իշխանությունները բազմիցս նշել են, որ Թուրքիայից լոլիկները շարունակում են ապօրինի հայտնվել Ռուսաստանում վերաարտահանման ճանապարհով, մասնավորապես` Բելառուսից, Հայաստանից եւ Ադրբեջանից:
Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից մի շարք ապրանքների մատակարարումն արգելել էր ի պատասխան 2015 թվականի նոյեմբերի վերջին Սիրիայում թուրքական օդուժի հարձակմանը ռուսական Սու-24-ի վրա: 2016 թվականի աշնանից սկսած, սահմանափակումները աստիճանաբար վերացվում էին, սակայն Թուրքիայի համար ամենակարեւոր ապրանքներից մեկի՝ լոլիկի մատակարարման արգելքը պահպանվել է մինչեւ 2017-ի նոյեմբեր:



























