ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանում իրական ընդդիմությունը դաշնակցությունն է: Համենայն դեպս, Հովհաննիսյանը եկել է այդ եզրահանգման այն պատճառով, որ քաղաքապետարանն արգելել է ՀՅԴ-ի հացադուլը, իսկ մեկ այլ քաղաքական ուժի (նկատի ունի ՀԱԿ-ին-NEWS.am) թույլ է տալիս 5 օր անընդմեջ հանրահավաք անել: «Սա ցույց է տալիս, թե ով է իրական ընդդիմությունը»,- ԱԺ հայտարարությունների ժամին հպարտ-հպարտ ազդարարեց Վահան Հովհաննիսյանը՝ մոռանալով, որ երբ ինքը իշխանության մաս էր կազմում, Հայ Ազգային Կոնգրեսին մի քանի տասնյակ անգամ արգելում էին հանրահավաք անել:
Վահան Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, թե իրենց գործադրած միջոցները՝ հացադուլ, նստացույց եւ այլն, նպատակ ունեն արթնացնելու մեր հանրության զգոնությունը այն արձանագրությունների նկատմամբ, որ ներկայացվել են: «Ի վերջո փաստաթղթերի մեջ պարունակվող վտանգները, որ արդեն տագնապ են հարուցում, փորձելու ենք բարեփոխել»,- ասաց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ մոտ ժամանակներս նախատեսված են խորհրդարանական լսումներ՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:




























