Այս օրինագծի նպատակն է տուգանք նշանակելու իրավիճակի բարելավումը: Այս մասին ապրիլի 4-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Պատգամավորն առաջարկեց, որ ավտոտրանսպորտի վարորդները, որոնց փոխադրամիջոցն ինչ-ինչ պատճառներով 2 համարանիշն էլ չունի, եւ գտնվում է այդ փոխադրամիջոցի ղեկին, տուգանվեն 200 հազար դրամով: Սակայն եթե ավտոմեքենան չունի միայն մեկ համարանիշը, ապա տուգանքը, Բաբուխանյանի կարծիքով, պետք է ուրիշ լինի, զգալիորեն ավելի քիչ: Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում է պատգամավորը,  նույնիսկ այն դեպքում, երբ քաղաքացու ավտոմեքենան նույնականացված համարներից մեկը չունի, սա ամենեւին չի նշանակում, որ նրան միանշանակ պետք է տուգանել, քանի որ նման իրավախախտման պատճառները կարող են լինել միանգամայն հարգելի, իսկ վարորդի մեղքը՝ նվազագույն, քանի որ խախտումը, հնարավոր է, թույլ է տրվել անհաղթահարելի պատճառներով:

«Ամեն ինչ կարող է լինել: Դուք ինքներդ գիտեք, թե մեր ճանապարհներն ինչպիսին են: 90 կմ/ժ արագությամբ ընթացող ավտոմեքենան կարող է ընկնել ճանապարհի փոսի մեջ, ինչի հետեւանքով համարանիշերից մեկը կարող է եւ պոկվել»,- պարզաբանեց  Հայկ Բաբուխանյանը: Պատգամավորը նշեց, որ 2 համարնիշերը կորցնելը բավական դժվար է, եւ հենց այս դեպքերում են վարորդներն ավելի շուտ դրանք թաքցնում: Նրա կարծիքով՝ այս օրինագծի ընդունումը կարող է բերել այս հարցի ավելի արդարացի քննարկման:

Հարկ է նշել, որ պատգամավորը սկզբում առաջարկում էր սահմանել 20 հազար դրամի տուգանք այն դեպքում, եթե ավտոմեքենան չունի համարանիշերից մեկը, սակայն հետո քննարկման ընթացքում այս թիվը աճեց մինչեւ 100 հազար դրամի: