Միացյալ Նահանգները հետագայում չեն բացառում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ի պատասխան՝ Չինաստանի կողմից 106 անուն ամերիկյան ապրանքների վրա 25 տոկոսանոց մաքսատուրքերի ներդրմանը, որոնք իրենց հերթին, Վաշինգթոնի գործողություններին էին ուղղված: Այս մասին հայտնում է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նոր միջոցները կարող են ժամանակի ընթացքում ներդրվել, բայց այս պահին որեւէ ծրագիր չկա», - Reuters-ը մեջբերում է նրա խոսքը:
Ինչպես նշել են Սպիտակ տանը, Չինաստանի նկատմամբ առեւտրի ոլորտում որեւէ նշանակալի քայլ դեռ չի նախատեսվում, որի մասին նախկինում չի հայտարարվել: «Հիմնական ուշադրությունը հատկացվում է արդեն հայտարարված գործողությունների իրականացմանը», - ասել է ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը:
Բացի այդ, Չինաստանը չորեքշաբթի դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, բողոքելով ԱՄՆ նշված գործողություններից:



























