Ցանկացած պետության ռազմական անվտանգության հիմքը դրա երիտասարդությունն է: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հոգեբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Մելս Մկրտումյանը:
Նրա խոսքով՝ պատանեկական տարիքը անձի ձեւավորման հիմնական ժամանակաշրջանն է: «Շատ կարեւոր է երիտասարդների շրջանում ռազմական արվեստի հիմքերի, դրա համապատասխան դաստիարակության ձեւավորումը», - ասաց Մկրտումյանը:
Դասախոսի խոսքով՝ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ անհրաժեշտ է համատեղ աշխատանք տանել, ինչում պետք է ակտիվ մասնակցություն ունենան ինչպես ծնողները, այնպես էլ պետությունը՝ ի դեմս պաշտպանության նախարարության եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչների, քանի որ այս հարցը ռազմավարական նշանակություն ունի եւ՛ անձի ձեւավորման, եւ՛ հայրենիքի ապագա պաշտպանի համապատասխան ռազմական պատրաստվածության առումով:
Հոգեբանը դժգոհություն հայտնեց առ այն, որ վերջին տարիներին իրավիճակը ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում որոշ չափով փոխվել է, իսկ երիտասարդների մոտ այլ արժեքներ են հայտնվել, այլ պատկերացումներ այն մասին, թե ինչ է հայրենիքի պաշտպանությունը, հայրենասիրությունը, բարոյականությունը, հարգանքն ազգային արժեքների նկատմամբ՝ հավելելով, որ այս ամենը, ըստ էության, ստվերում է հայտնվել: «Իսկ ռազմական գիտելիքները, գործնական հմտությունները, որոնք կարող է տալ դպրոցը, կարող են նորակոչիկների համար հիմք դառնալ»,- ասել է Մելս Մկրտումյանը:
Նա կարծում է, որ դպրոցներում մասնագետները պետք ավելի մեծ ուշադրություն դարձնեն հոգեւոր, հոգեբանական, հայրենասիրական, ազգային բաղադրիչների վրա, այլ ոչ թե՝ զենքերի առանձնահատկությունների եւ դրանց կիրառման ուսումանսիրության:
Հոգեբանն առաջարկել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























