«Նոր Ժամանակներ» կուսակցությունը հայտարարել է, թե անընդունելի է համարում ՀՀ Ազգային Ժողովի՝ մարտի 1-ի դեխքերն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի որդեգրած գործելաոճը` կապված հանձնաժողովի վերջնական զեկույցի ընդունման ձեւի հետ, ինչի հետեւանքով փաստաթուղթը դառնում է ոչ լեգիտիմ:
ՆԺԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ «անցյալից ժառանգած „կոմսոմոլական“ մերժելի գործելաոճով փորձ է արվում հանձնաժողովականներից առանձին-առանձին կորզել ստորագրություն՝ փաստացի հնարավորություն չստեղծելով անցկացնել հսկայածավալ փաստաթղթի (145 էջ) համակողմանի բաց քննարկում: Հանձնաժողովականներին չի բաժանվել զեկույցի նախագիծը, այն չի ներկայացվել հանձնաժողովի նիստի քննարկմանը եւ չի դրվել քվեարկության»:
Ստեղծված իրավիճակում «Նոր Ժամանակներ» կուսակցությունը հայտարարում է.
ա) 2008թ. Մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած արյունալի դեպքերն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը իրավունք չունի առանց համակողմանի քննարկումների եւ առանց բաց քվեարկության ընդունված զեկույցը ներկայացնել ՀՀ ԱԺ քննարկմանը:
բ) Կուսակցությունը գտնում է, որ ժամանակավոր հանձնաժողովի ողջ գործունեությունը այդօրինակ քայլերի արդյունքում դառնում է անիմաստ: Նման միջոցներով ստեղծված փաստաթղթերն ու եզրակացությունները Հայաստանի հասարակության համար կդառնան անընդունելի:
գ) «Նոր Ժամանակներ» կուսակցությունը իրեն իրավունք է վերապահում իր սկզբունքային անհամաձայնության մասին բարձրաձայնել, հանդես գալով առանձին եզրակացությամբ, եւ այդ մասին տեղյակ պահել միջազգային ատյաններին, այդ թվում՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժաղովին:



















