Ռուսերենի դասավանդումը Հայաստանի կրթական համակարգի բոլոր օղակներում դրված է բարձր մակարդակի վրա: Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Հայաստանում անցկացվող «Ռուսական խոսքի օրեր» միջոցառումներին մասնակից գրականության, հրապարակախոսության, զանգվածային լրատվության, երաժշտության, թատրոնի եւ կինոյի բնագավառների մեկ տասնյակից ավելի ռուս ներկայացուցիչների:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է նման նախաձեռնությունների կարեւորությունը հումանիտար ոլորտում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային փոխգործակցության զարգացման եւ մեր երկրում ռուսաց լեզվի ու ռուսական մշակույթի տարածման գործում: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ռուսերենի դասավանդումը Հայաստանի կրթական համակարգի բոլոր օղակներում դրված է բարձր մակարդակի վրա, ինչի վկայությունը ռուսաց լեզվի տարբեր օլիմիպիադաներում Հայաստանի արձանագրած հաջողություններն են:
Հյուրերը Սարգսյանին պատմել են իրենց տպավորությունների, հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման նոր մտահղացումների մասին:



















