«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահը պատրաստվում է խոշոր ներդրում կատարել Երեւան քաղաքի զարգացման համար, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ իր այդ ծրագրի մասին «Գազպրոմի» ղեկավարը հայտնել է դեռ 2010 թվականի դեկտեմբերի վերջին՝ «Իտոգի» ամսագրին տված հարցազրույցում։

Իսկ թե որքա՞ն գումար է  կազմելու խոստացված ներդրումը եւ երբ է այն կատարվելու, Սարդարյանը դժվարացավ հայտնել։  Մամուլում, սակայն, տեղեկություն կա, համաձայն որի՝ Միլլերի խոստացած ներդրումը կազմելու է մոտ 2 միլիարդ դոլար։

«Գումարի կոնկրետ չափի մասին ներկայումս որեւէ բան ասել չեմ կարող։ Պետք է նշել, որ խոսքը լուրջ ծրագրի մասին է։ Այժմ համապատասխան քննարկումներ են ընթանում այդ ուղղությամբ»,-նշեց Սարդարյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Իտոգի» ամսագրին տված հարցազրույցում Միլլերը հայտարարել էր, թե ««ՀայՌուսգազարդի» մեր հայ բարեկամները առաջարկել են Երեւանում հասարակական-գործարար՝ «Օխտա-կենտրոն» կառուցել»:

Միլլերը, նշենք, մտերիմ հարաբերությունների մեջ է «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի հետ։