Պոլսո հայոց պատրիարքարանի 2017 թվականի բյուջեի հաշվետվությունը ներկայացվել է ապրիլի 1-ին Սուրբ Հարության տոնին նվիրված ընդունելության ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Հայոց պատրիարքարանի եկամուտները 2017-ին կազմել են 1 մլն 739 հազար լիրա, իսկ ծախսերը՝ 1 մլն 787 հազար լիրա։ Այսինքն, բյուջեն պակասորդ է ունեցել։
Աչքի է ընկել մամուլում հայտարարություններ տալու վրա ծախսված գումարը խիստ ավելացումը։ Եթե 2016-ին մամուլում հայտարարությունների վրա ծախսվել է 33 հազար լիրա, ապա 2017-ին այդ թիվը կազմել է 135 հազար։
Ուշագրավ է, որ 135 հազարից 100 հազարը տրվել է «Ժամանակ» թերթին, իսկ 30 հազարը «Մարմարա»-ին։
Պոլսո հայոց փոխպատրիարք, արք․ Արամ Աթեշյանը ընդունելության ժամանակ նշել է, որ 2012-ից այս կողմ եկեղեցում կատարվող պսակադրություններն ու մկրտությունները նվազում են, իսկ 2017-ին դրանք ավելի շատ են նվազել նախորդ տարիների համեմատ։ Պսակադրությունների նվազման ցավոտ պատճառ է նշվել խառնամուսնությունները մուսուլմանների հետ։



























