Հուլիսի 6-ին, աշխատանքային այցով Մոսկվա է ժամանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Սա նրա առաջին այցն է Ռուսաստան։ ԱՄՆ նախագահի ինքնաթիռն արդեն ուղղություն է վերցրել դեպի Մոսկվա։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քննարկման հիմնական թեման կլինի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի ապագայի հարցը։
Հիշեցնենք, որ ՌՀՍ նախկին համաձայնության ժամկետը ավարտվում է սույն թվականի դեկտեմբերին։ Այսպիսով, Օբամայի այցից սպասվում է նոր շրջանակային պայմանագրի համաձայնեցում։ Բացի այդ, Մեդվեդեւը իր ամերիկյան գործընկերոջ հետ կքննարկի ՆԱՏՕ-ի ընդլայման խնդիրներն ու հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայումը Եվրոպայում։ Շոշափվելու են նաեւ Աֆղանստանին, Իրանին, Հյուսիսային Կորեային առնչվող թեմաներ։ «Ամերիկացի գործընկերների հետ հանդիպումից լայնամասշտաբ փոխգործակցության լուրջ ազդակներ ենք ակնկալում, ինչպես ռազմավարական կայունության ամրապնդման, այնպես էլ ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների, թմրանյութի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, գլոբալ տաքացման ժամանակակից մարտահրավերներին փոխադարձ հակազդեցության ոլորտում։ Համատեղ գոծելու ասպարեզ կա առանձին տարածաշրջանների իրավիճակներին առնչվող մարտահրավերներին դիմագրավելու հարցում՝ Մերձավոր Արեւելք, Աֆղանստան, Հյուսիսային Կորեա, Իրաք», ասել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։ Նրա խոսքերով, կարծել, թե Օբամայի այցը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին հովվերգություն կբերի, միամտություն կլինի։ Սակայն, հանդիպումը կնպաստի խաղաղ գործընթացքին։ Պրիխոդկոն հավելել է. – "ասել, որ առաջընթացը դյուրին է լինելու, կնշանակի մոլորության մեջ ընկնել։ Մեր շահերը միշտ չէ որ համընկնում են։ Երբեմն, նրանք խիստ հակասում են միմյանց։ Սակայն, կարեւորն այն է, թե այս ամենից, ինչպիսի եզրակացություն կարելի է անել՝ աշխատել փոխըմբռնման ընդլայնման համար, թե կենտրոնանալ նուրբ հարցերի շուրջ սեփական դիրքորոշումների կարծրացման վրա։



























