Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության եւ արգասաբեր աշխատանքի համար՝ նշելով, որ կրթության եւ գիտության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը:

Անդրադառնալով ՀՀ եւ ՌԴ կրթության եւ գիտության նախարարների փոխադարձ պաշտոնական այցերին՝ Լեւոն Մկրտչյանը նշել է, որ  պայմանավորվածությունների արդյունքում ձեռքբերված համատեղ ծրագրերի իրականացումը  կնպաստեն գիտակրթական համագործակցության  ամրապնդմանը:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել նախարար Լեւոն Մկրտչյանին՝ հույս հատնելով, որ  կրթության եւ գիտության ոլորտում վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված բազմաթիվ ձեռքբերումները շարունակական կլինեն։

Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում եւ իր ներդրումն ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: