«Արդարացիորեն կար այն դժգոհությունը, որ մենք շատ չենք տարբերվում դաշտում գործող մասնավոր ալիքներից ու այդ „կատաղի“ մրցակցության մեջ միակ խնդիրը կարծես այն էր, որ հանրային հեռուստատեսությունը առաջինը լինի, եւ մենք դա արեցինք ամեն գնով: Անցած տարվանից մենք փոխեցինք այդ քաղաքականությունը, եւ կարծում եմ 2 տարվա ընթացքում մենք կհասնենք նրան, որ եթերում աղբ չլինի կամ քիչ լինի»,- սեպտեմբերի 15-ին լրագրողներին ասել է հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը՝ խոստանալով որ «առաջատար դիրքերը այսուհետ պահպանելու են որակյալ հեռուստարտադրանքով»:
Որպես ասածի ապացույց՝ Հարությունյանը նշել է իրենց՝ լատինաամերիկյան եւ հայկական էժանագին սերիալներից հրաժարվելու հանգամանքը՝ հաջորդ եթերաշրջանից խոստանալով անաղբ եթեր:
NEWS.am-ի այն հարցին, թե աղբ ասելով կոնկրետ որ հաղորդումները նկատի ունի, Հարությունյանը պատասխանեց, որ չի ուզում անուններ տալ՝ չվիրավորելու համար. «Աղբ ասելով նկատի ունեմ այն, ինչ նկատի ունի նորմալ հեռուստադիտողը՝ սերիալներից սկսած մինչեւ էժանագին հումոր»:
«Մենք կներկայացնենք ամենակարեւոր երկու բան՝ գեղարվեստական ֆիլմեր կամ բազմասերիանոց գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, հանրային բնույթի մի շարք հաղորդումներ՝ նվիրված պատմությանն ու մշակույթին»,- նոր եթերաշրջանի ծրագրերի մասին մանրամասնել է Հարությունյանը եւ հայտնել, որ սեպտեմբերի 28-ից հանրայինի եթերով կցուցադրվի Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի հիման վրա նկարահանված 20 սերիանոց ֆիլմը:



















