Եգիպտոսի կառավարությունը հավանություն է տվել պետական ակտիվների կառավարման համար ինքնիշխան հիմնադրամի ստեղծմանը: Այն ստացել է «Եգիպտոսի հիմնադրամ» անվանումը, իսկ դրա կանոնադրական կապիտալը 11.4 միլիարդ դոլար կկազմի, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Al-Masry al-Youm պարբերականը:

Եգիպտոսի պլանավորման նախարար Հալյա ալ-Մայիդը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հիմնադրամին կփոխանցվեն այն ակտիվները, որոնք չեն օգտագործվում պետության կողմից կամ բավարար արդյունավետ չեն: Բացի այդ, հիմնադրամը 300 մլն դոլար կստանա, որը կկարողանա ներդնել եւ օգտագործել իր գործունեության մեջ:

Երկրի իշխանությունները կարծում են, որ հիմնադրամը պետք է նպաստի երկրի կայուն զարգացմանը: Այն կկարողանա դուստր կազմակերպություններ ստեղծել եւ համագործակցել նմանատիպ օտարերկրյա կազմակերպությունների հետ: Նոր ֆոնդը կկառավարի տնօրենների խորհուրդը, որը կընդգրկի պլանավորման եւ ֆինանսների նախարարներին: