10 հազար դրամ գողանալու համար 6.5 տարվա ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանի գործով Վերաքննիչ բողոքի քննությունն այսօր՝ ապրիլի 12-ին, կրկին հետաձգվեց:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել փաստաթղթեր ներկայացնելու համար: Այսօրվա դատական նիստին ներկայացված փաստաթղթերը, ըստ դատարանի, պատշաճ չեն, առանց կնիքի կամ ստորագրության են:

«Փաստաթղթերը Հասմիկ Սարգսյանը վերցրել է Սիսիանից: Ես այդ թղթերը նիստից առաջ եմ տեսել: Խնդրում եմ ժամանակ տրամադրել, որ կարողանանք ըստ հավուր պատշաճի ներկայացնել փաստաթղթերը»,- դատարանից դիմեց պաշտպանը:

Նշենք, որ փաստաթղթերից մեկը վերաբերվում էր Հասմիկ Սարգսյանի դստեր հիվանդությանը, մյուսը բանակում ծառայող որդուն: Վերջին փաստաթուղթը վկայում էր, որ զինծառայողը վիրահատվել է եւ մայրական խնամքի կարիք ունի: Դատարանը որոշեց ժամանակ տրամադրել պաշտպանական կողմը: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մայիսի 14-ին: Նշենք, որ Հասմիկ Սարգսյանն ու իր պաշտպանները պահանջում են բեկանել առաջին ատյանի կայացրած դատավճիռն ու պատիժը մեղմացնել՝ պայմանականորեն չկիրառելով այն:

Հասմիկ Սարգսյանը գողությունը կատարելիս խնամքին ունեցել է 3 անչափահաս երեխա, որդին էլ ծառայում է բանակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի բնակչուհի Հասմիկ Սարգսյանը 3-րդ անգամ է կատարել նույնատիպ դիտավորյալ ծանր հանցագործություն, որի համար նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ հանցանքների համար նշանակված պատիժների չկրած մասը, եւ արդեն որպես վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով: