Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի հյուրանոցներում մեկում Ամանորին տեղի ունեցած միջադեպի  դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Դեպքի տեղի էր ունեցել հունվարի 1-ին ժամը 05.30-ի սահմաններում: Ըստ մեղադրանքի, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Վահե եւ Ֆրունզե Բադալյանները գնացել էին հյուրանոց եւ սրահում նկատել են ընտանիքի հետ հանգստացող Հայկ Գալստյանին: Բադալյանները նրանից պահանջել են կանչել հյուրանոցի տնօրենին: Գալստյանի պատասխանը, թե ինքը հաճախորդ է եւ խնդրել այդ հարցով դիմել հյուրանոցի աշխատակցուհուն, հունից հանել է Բադալյաններին:

«Մենք գողական տղերք ենք, ի՞նչ ձեւով ես մեզ հետ խոսում, եթե ասում ենք՝ կանչի տնօրենին, ուրեմն կանչի»,- Բադալյանները դիմել են Գալստյանին եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալով հարձակվել են նրա վրա եւ քաշքշել նրան, ապա բռնություն կիրառել նաեւ Գալստյանի որդու նկատմամբ: Տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով Հայկ Գալստյանը վնասվածքներ է ստացել:

Սրանով սակայն Բադալյանները չեն բավարարվել: Ավելի ուշ հյուրանոց են վերադարձել Հովիկ Հովակիմյանի, Արտակ Բադալյանի եւ խմբի կազմում ընդգրկված գործով չպարզված 5-6 այլ անձանց հետ՝ զինված մետաղապլաստե կտրված խողովակներով, իսկ Հովակիմյանը՝ դանակով: Նրանք ներխուժել են սրահ եւ աշխատակցուհուց պահանջել հայտնել հյուրանոցի տնօրենի եւ Հայկ Գալստյանի գտնվելու տեղը: Այս ընթացքում Ֆրունզե Բադալյանը մետաղապլաստե խողովակով բռնություն է գործադրել աշխատակցուհու նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Այնուհետեւ Ֆրունզե Բադալյանը ցուցում է տվել ջարդել հյուրանոցի գույքը տնօրենին պատկանող ավտոմեքենան:

Վահե եւ Արտակ Բադալյանները ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Ֆրունզե Բադալյանն ու Հովիկ Հովակիմյանը կալանքի տակ են:

Նշենք, որ մեր տեղեկություններով, Ֆրունզե եւ Վահե Բադալյանները նախկին պատգամավոր, Մոսկվայաբնակ գործարար Սամվել Սարգսյանի ազգականներն են: Բադալյան եղբայրներից մեկը Ռուսաստանում 3 անգամ դատապարտված է եղել, Հայաստան էր վերադարձել վերջերս եւ վարկած կա, որ ցանկանում էր «օրենքով գող» դառնալ: