Կառավարության նիստը երկար տեւեց, այն առանձնապես չտարբերվեց նախորդ նիստերից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարիտրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ առաջին անգամ Կառավարության նիստն անցկացվեց դռնփակ ռեժիմով:
Հարցին, թե բանավեճեր եղա՞ն, ավելի անկաշկա՞նդ էր ներսում, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ միշտ էլ արդյունավետ են եղել կառավարության նիստերը, սա էլ դրական էր. «Այն ժամանակ էլ էինք անկաշկանդ: Աշխատանքային քննարկումներ եղան, երեւի, դա հարցերից էլ էր կախված, որովհետեւ այնպիսի հարցեր էին, որ շատերն անդրադարձ արեցին այդ հարցերին»:
Ինչ վերաբերում է դռնփակ նիստեր անցկացնելու արդյունավետությանը, Վահան մարտիրոսյանը նշեց, որ մեկ անգամվա նիստից եզրակացություն անելը ճիշտ չէ. «Տարբեր հարցերի շուրջ քննարկումների ընթացքում եղան հարցեր ու առաջարկներ: Ոչ թե բանավիճել ենք, այլ հարցերն այս անգամ շատ էին, եւ եղան հարցեր, որոնց շուրջ անդրադարձներ եղան: Առանձնապես չտարբերվեց», - ասաց նա:
Հարցին, թե շա՞տ տարբերվեց այս նիստը նախորդներից, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ չի կարող ասել:
Ինչ վերաբերում է իր հետագա պաշտոնավարման հեռանկարին, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Հարցը ճիշտ չեք ձեւակեպում: Տեսնելով չէ: Մի քանի անգամ անդրադարձել եմ այդ հարցին՝ կուսակցությունը ինչպես որոշի, այնպես էլ կլինի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ որպես կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու հիմնավորում, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել էր, որ դռնփակ նիստի դեպքում նախարարներն ավելի անկաշկանդ կարող են քննարկում ծավալել. «Վեճերը դուրս են գալիս կառավարության նիստից, հենց այդ պատճառով մարդիկ կաշկանդվում են իրենց վեճերը ներկայացնել հրապարակավ: Մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկենք փակ սենյակում, ոչ թե տեսախցիկի առջեւ», - ասել էր նա:



























