«Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը հայտարարել է, որ եկել է Մոսկվայի քաղաքային դատարանի նիստին, որտեղ այսօր քննվում է տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի դատապաշտպանների վճռափոխության գանգատը, քանի որ ցանկանում էր, որպեսզի դատարանը հաշվի առնի իր վկայությունները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ես հույս ունեի, որ առաջին ատյանի դատարանը կընդունի իմ գրավոր հայտարարությունները: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Այնպես որ, ես դատարան եկա առաջին իսկ հնարավորության դեպքում: Ինձ համար դա սկզբունքային հարց էր, որպեսզի իմ վկայությունները հաշվի առնվեն դատարանի կողմից: Ես գլխավոր վկան եմ, եւ սա ինձ համար պատվի հարց էր»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Ուլյուկաեւի գործով Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարը լրացուցիչ արդյունք է ստացել: «Ես պատասխանատվություն էի զգում, որպեսզի մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը լրացուցիչ արդյունք ստանա, եւ այդ պատճառով  առաջին իսկ հնարավորության դեպքում ես անմիջապես եկա դատարան»,- ասել է Սեչինը:

«Ռոսնեֆտ»-ի ղեկավարը դատարանում հաստատել է իր դիրքորոշումը՝ նախկին նախարարի կողմից անօրինական պարգեւատրման պահանջի վերաբերյալ: «Այսօրվա դատական նիստը փակ ռեժիմում է անցել, ուստի ես չեմ կարող խոսել մանրամասների մասին, սակայն ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ դատական նիստի ընթացքում ես հաստատել եմ իմ դիրքորոշումն առ այն, որ Ուլյուկաեւը ապօրինի պարգեւատրում է պահանջել, նշել է կոնկրետ գումարը, եկել փողերի հետեւից եւ հեռացել: Իրականում, այսօր ո՛չ պաշտպանությունը, ո՛չ Ուլյուկաևը գինու եւ գործից շեղող այլ բաների մասին որեւէ հարց չեն տվել: Կարծում եմ, որ դատարանը հաշվի կառնի իմ իմ վկայությունները»,- ասել է Սեչինը: