Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արշալույս Հակոբյանի դատավարությունը, ով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար (Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով), եւ ում մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Տուժողները ցուցմունք են տվել, ըստ որի, հունիսի 5-ին իրենք այցելել են Հակոբյանի տուն` ծանուցագիր հանձնելու, սակայն վերջինս հարբած է եղել, հայհոյել է, սխալ տեղում է ստորագրել, հետո հարվածել իրենց: Սակայն ոստիկաններին հաջողվել է նրան տանել ոստիկանություն: Որպես տուժող հանդես եկող երկու ոստիկաններն այսօր հայտարարեցին, որ Ա. Հակոբյանին չեն հարվածել: Իսկ հարցին, թե այդ դեպքում որտեղից են Արշալույս Հակոբյանի գլխին կապտուկները, «տուժողներից» Վահե Բադալյանն արձագանքեց. «շատ հնարավոր է՝ նա գլուխը մեքենայի բռնակին հարվածած լինի»:
Ի դեպ, դատարանում ցուցմունք է տվել նաեւ «Շտապ օգնություն» ծառայության ավագ բժիշկ Արտեմ Պետրոսյանը: Ըստ գործի նյութերի` Արշալույս Հակոբյանին սթափության վերաբերյալ զննության էին ենթարկել եւ հայտնաբերել 3-րդ աստիճանի հարբածություն: Սակայն բանն այն է, որ ավագ բժիշկը չէր ճանաչում ոչ տուժողներին, ոչ Արշալույսին, ինչից զարմացել է դատավոր Գագիկ Ավետիսյանը. «Եթե մարդուն չեք ճանաչել, ինչպե՞ս եք 2 անգամ ցուցմունք տվել նրա դեմ»: Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 23-ին ժամը 12.00-ին:



















