Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:
Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաեւ Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի եւ այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ:
Ազատ խոսքի եւ կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարեւորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար:
Միեւնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը:
Մեր երկրի անվտանգությունը եւ ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն:
Եվ, իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը եւ կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչեւ ոստիկան, թանկ է բոլորիս համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարները փակում են Երեւանի կենտրոնական փողոցները:




























