Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, երեկ` սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը թուրքական ընդդիմադիր «Բարգավաճում» (Saadet) կուսակցության ղեկավարի հետ, որի ժամանակ քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերջին արձանագրությունները: Այս մասին տեղեկացնում է թուրքական Netgazete կայքէջը:

Դավութօղլուն «Բարգավաճում» կուսակցության ղեկավար Նուման Քուրթուլուշի հետ հանդիպել է այդ կուսակցության կենտրոնական գրասենյակում: Հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ ինքը գոհ է մնացել հանդիպումից, քանի որ այն եղել է կառուցողական եւ շնորհակալություն է հայտնել այդպիսի հանդիպման համար «Բարգավաճում» կուսակցությունից:

«Բարգավաճում» կուսակցության առաջնորդ Նուման Քուրթուլուշը ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում անհրաժեշտ են համարում, որ առանց Ղարաբաղի խնդիրը լուծելու սահմանը չբացվի: Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջնորդ հանդես եկող Շվեյցարիան Հայոց ցեղասպանության ժխտումը հանցանք է համարում եւ այդ պատճառով Շվեյցարիան չի կարող Հայաստան-Թուրքիա հարաբերություններում անկողմնակալ լինել:

Սեպտեմբերի 15-ին նախատեսված հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել թուրքական խորհրդարանի ամենամեծ (21 %) ընդդիմադիր կուսակցության ` «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Դենիզ Բայքալը անդրադարձավ Թուրքիայի առաջ ծառացած խնդիրներին` այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Նա համարեց, որ այս վերջին արձանագրությունները բացահայտ ծուղակ են Թուրքիայի համար: Դենիզ Բայքալը գտնում է, որ սահմանները բացելուց հետո էլ Հայաստանը կշարունակի չճանաչել Կարսի պայմանագիրը, կշարունակի ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը: «Այժմ մի նոր ծուղակ է ստեղծվում: Դա հայկական ծուղակն է: Սա պարզ տեսնում ենք: Սա տեսնելը եւ ասելը մեր պարտականությունն է: Որպեսզի խնդիրները կարգավորվեն, անհրաժեշտ է, որ Հայաստանի կողմից բացառվի հողերի „զավթումը“, ընդունվի Կարսի պայմանագիրը, իսկ ցեղասպանության ճանաչման արշավը արդեն չի նայվում, քանի որ լավ հարեւանության, բարեկամության եւ համագործակցության հասկացության հետ այն չի համադրվում: Այս գաղափարի մեջ սահմանն էլ կբացենք, ամեն ինչն էլ կանենք»,-ասել է Դենիզ Բայքալը: Նա լրագրողների հարցին ի պատասխան, ասել է, որ լավ հարեւանության մասին խոսք կարող է լինել միայն Հայաստանի կողմից «Ադրբեջանի հողերը» ազատելուց հետո:

Ըստ Բայքալի, Մինսկի խմբում Ռուսաստանը եւ Ֆրանսիան ԱՄՆ-ին խորհուրդ են տալիս չանհանգստանալ՝ ասելով որ իրավիճակը լավանում է: Սակայն Դենիզ Բայքալը այս խոսքերին չի հավատում: