Երեւանի ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածների  թիվը ժամը 10.00-ի դրությամբ 16է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ նախօրեին բերման ենթարկվածների թիվը հասել էր 122-ի, որից 8-ն անչափահասներ էին:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային եւ դա պետք է լինի ցանցային՝ Երեւանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Ոստիկանները բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին եւ մի քանի ակտիվիստների