Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի, ով Հայաստանում է գտնվելու 2011թ. հունվարի 18-21-ը, Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությունը հիմնականում կենտրոնացած է լինելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի վրա:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնակատարը հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի ու ոստիկանության պետի հետ, ինչպես նաեւ խորհրդարանական կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչներ հետ:

Այցի կապակցությամբ` ՀՀ ԱԳՆ հովանու ներքո, կազմակերպվելու է մեծ հումանիստ Անդրեյ Սախարովին նվիրված ցուցահանդես` «Անդրեյ Սախարով. տագնապ եւ հույս» խորագրով, որի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին, ժամը 18.30-ին Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչեւ հունվարի 26-ը: