Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության բլեֆը սպառված է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 17-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Նա նշեց, որ մտապես կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը եւ այդ նպատակով դեռեւս տարիներ առաջ ստեղծված հայ-թուրքական  հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամներից մեկն է եղել։

«Հիմա էլ կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է նորմալ առեւտրային, տնտեսական եւ ինչու չէ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»,-նշեց Արզումանյանը։ Նրա խոսքով՝ ֆուտբոլային դիվանագիտության արգասիք հանդիսացող հայ-թուրքական  երկու արձանագրությունները չմտածված, դրսից հրամցված փաստաթղթեր են։ Դրանց տեքստերի ուսումնասիրութունից էլ, ըստ դիվանագետի,  պարզ է դառնում, որ դրանք գրվել են Վաշինգտոնում։

«Կողմերն այժմ պետք է սթափ նստեն սեղանի շուրջ եւ վերսկսեն քննարկումները զրոյից։ Պետք  է մի կողմ դնել արձանագրությունները եւ մտածել նոր ստարտի մասին»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը։