Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում կատարված բոլոր նախաձեռնությունների ուղղությամբ անցած տարի նահանջ է արձանագրվել։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 17-ին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը՝ ամփոփելով անցած արտաքին քաղաքական տարին։
Նա նշեց, որ մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անցյալ տարի կասեցվեց, իսկ հայ-թուրքական արձանագրություների վավերացման գործընթացն առկախվեց։ Նույնը տեղի ունեցավ նաեւ ԼՂ խնդրի կարգավորման բնագավառում։ Նախկին դիվանագետի խոսքով, այս հարցում ընթացող գործընթացները իմիտացիոն բնույթ կրեցին, իսկ հակամարտության կողմ հանդիսացող երկու երկրների ղեկավարների հանդիպումները ձեւական բնույթ կրեցին:
ՀԱԿ ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ անցյալ տարի կնքված հայ-ռուսական համաձայնագրին, որով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը։ Նրա խոսքով, նման փաստաթուղթ պետք է ստորագրվեր 2019 թվականին, երբ ավարտվում է բազաների տեղակայման ժամկետը։ Սակայն ժամանակից շուտ նման համաձայնագրի կնքումը վկայում է այն մասին, որ կողմերը միմյանց չեն վստահում:





























