Դպրոցների կրթական ծրագրերի բովանդակությունից, դրանց գերբեռնվածությունից բխող դժգոհությունները չեզոքացնելու համար մինչեւ 2011 թվականի օգոստոսի 1-ը ԿԳՆ նախատեսում է միջին դպրոցի հիմնական առարկաների ծրագրերը բեռնաթափել 15-20 տոկոսով։ Հունվարի 17-ին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
«Սա բավականին ռիսկային աշխատանք է, բայց մենք գնալու ենք այս քայլին՝ վերանայելով միջին դպրոցի ծրագրերը։ 15-20 տոկոս բեռնաթափումը նվազագույն ցուցանիշ է, ինչը թույլ կտա ավելի մատչելի եւ մարսելի դարձնել հանրակրթական դպրոցների ծրագրերը։ Այս գործում մեզ կօգնի Եվրոպայի խորհուրդը, որի փորձագետները մեզ կհաղորդեն եվրոպական լավագույն փորձը»,- տեղեկացրեց նախարարը։
Աշոտյանը նաեւ անդրադարձ կատարեց մանկավարժների՝ այս տարի նախատեսվող ատեստավորման ծրագրին։ «2011-ին կատեստավորվի մանկավարժների 20 տոկոսը, ըստ մասնագիտական հմտությունների նրանցից յուրաքանչյուրը կստանա տարակարգ եւ դրանից բխող հավելավճար»,- ասաց նախարարը։
Ամփոփելով՝ Աշոտյանն ընդգծեց, որ այս տարի նախարարությունը կշարունակի նաեւ սոցիալական ծրագրերի իրականացումը։ «Դրանց շրջանակներում Վայոց Ձորի մարզում կիրականացվի պիլոտային մի ծրագիր, որով մարզի անապահով ընտանիքների երեխաներին հագուստ եւ կոշիկ կտրամադրվի։ Մեկ այլ սոցիալական ծրագրով, անապահով ընտանիքների երեխաներին անվճար հիմունքով դասագրքեր տրամադրելու համար կհատկացվի շուրջ 120 մլն դրամ»։




























