Այս տարի շարունակվելու է հանրակրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման  եւ ընդլայնման քաղաքականությունը. մասնավորապես, ինտերնետին կմիացվեն 414 դպրոցներ։ Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Այս կերպ նախատեսում ենք արդեն տարեվերջին հանրակրթական ոլորտում ինտերնետի ծածկույթը հասցնել 93, 5 տոկոսի։ Տարեվերջին համացանցով ապահովված պետք է լինի հանրապետության՝ ընդհանուր առմամբ 1358 դպրոց։ Սակայն, բարձրլեռնային գոտու որոշ դպրոցներ 2011-ին կշարունակեն մնալ առանց ինտերնետի՝ միմիայն աշխարհագրական դժվարությունների եւ տեխնոլոգիաների կիրառման անհնարաինության պատճառով»,- տեղեկացրեց նախարարը՝ միաժամանակ հիշեցնելով, որ երկրի նախագահի հանձնարարականով փետրվար-մարտ ամիսներին կավարտվի 250 դպրոցների համակարգչային լսարանների մատակարարման ծրագիրը, այդկերպ աշակերտ-համակարգիչ փոխհարաբերակցությունը հասցնելով նվազագույնը 1-ը 25-ի:

Վերջում նախարարն ասաց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ հանրապետության ավագ դպրոցներին կմատակարարվի 700 համակարգիչ: