ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի այցին հաջորդող օրերի ընթացքում քաղբանտարկյալներից ոմանց կազատեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 17-ին հայտարարեց  Հայաստանի նախկին արտգործնախարար,  Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ նրա՝ իշխանությունները գիտակցում են, որ միջազգային հանրությունը այլեւս չի հանդուրժում քաղբանտարկյալների առկայությունը։ Այդ պատճառով էլ իրենց դեմքը փրկելու համար վերջին մի քանի ամիսներին  քաղբանտարկյալներից մի քանիսին ազատ արձակեցին։ Նույնը տեղի կունենա նաեւ Համարբերգի այց շրջանակներում։

Արզումանյանի խոսքով՝ Համարբերգը ԵԽ միակ պաշտոնյան  է, ով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից  հետո հայտարարեց, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական վենդետա է իրականացվում։ Բացի այդ, նա հետեւողականորեն այցելել է քաղբանտարկյալներին եւ պահանջել  նրանց ազատ արձակումը։ «Համարբերգի ներկայացրած  կառույցը բացառություն է Եվրոպական կառույցների մեջ: Մենք չենք կասկածում նրա անաչառությանը, անկեղծությանը եւ սկզբունքայնությանը»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Նշենք, որ ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը Երեւան է ժամանելու հունվարի 18-ին։ Այդ օրը ժամը 13։00-ին Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն բողոքի ակցիա է իրականացնելու։ Համարբերգը հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։