Հայաստանի օրենսդրության համաձայն միեւնույն անձը չի կարող պատժվել երկու անգամ նույն գործողության համար, իսկ Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը մեկ անգամ արդեն պատժվել է իր գործողությունների համար՝ ենթարկվելով կարգապահական տույժի, մամուլի ասուլիսում հայտարարել է արդարադատության նոր նախարար Հրայր Թովմասյանը:

«Եթե Միհրան Պողոսյանը ապագայում նման գործողություններ անի, այդ դեպքում հաշվի կառնվի կարգապահական տույժը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Միհրան Պողոսյանը, այդուհանդերձ, շարունակելու է ղեկավարել ԴԱՀԿ-ն:

Նշենք, որ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը հեռացվել էր պաշտոնից այն պատճառով, որ ժամանակին չէր արձանագրել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի «էթիկայի կանոնների խախտման» դեպքը:

Արդյունքում պարզվել էր, որ Դանիելյանի վերջին հրամանը եղել է Պողոսյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին: