Դրական է, որ առանց լուրջ բախումների ու արյունահեղության ամեն ինչ ավարտվեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով:
Նրա խոսքով՝ երկրում փաստացի երկրում երկիշխանություն էր. փողոցում Փաշինյանի գլխավորած ուժը եւ դե յուրե իշխանությունը, որն իր ձեռքում ուներ որոշակի ուժային լծակներ։
«Սրանով արձանագրվեց առաջին փուլի ավարտը, որովհետեւ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ոտքի էր հանել «Մերժիր Սերժին» կարգախոսով: Հարց էր դրվում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չլինի, այդ նպատակին հասել են: Հիմա, փաստորեն, արտահերթ ընտրությունների անցկացման հարց է դրվում, սա արդեն այլ օրակարգ է, որը պետք է խաղաղ եղանակով լուծվի»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որ եթե նույնիսկ գնում են արտահերթ ընտրությունների ճանապարհով, բանակցությունները ճիշտ ուղով ընթանան. «Ինչպես ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի բանակցությունների առաջին փորձը՝ դա այդքան էլ հեշտ գործընթաց չէ»:
Հիմա, ըստ քաղտեխնոլոգի, իրավիճակը փոքր-ինչ այլ է, որովհետեւ բանակցողը հիմա Կարեն Կարապետյանն է լինելու, ում վարկանիշը բավական բարձր է։ «Ըստ էության, հանրության մեծ մասի կողմից նա չի ընկալվում որպես ՀՀԿ-ական: Համենայնդեպս՝ մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի համար էլ Կարեն Կարապետյանն ընդունելի գործընկեր է։ Ի վերջո՝ Կարեն Կարապետյանին բանակցությունների արդյունքում հաջողվեց հասնել նրան, որ բանտից ազատեցին պատգամավորներին եւ ընդդիմադիր շարժման լիդերներին, հասան նրան, որ ապրիլի 24-ին չպետք է լինի որեւէ ներքին քաղաքական թեմա»:
Հարցին՝ արդյո՞ք Փաշինյան-Կարապետյան բանակցությունների արդյունքում Փաշինյանի հռչակած օրակարգը կարող է կիսատ մնալ, ըստ որի՝ նախ պետք է «ժողովրի թեկնածուն» դառնա վարչապետ, ապա լինեն ընտրություններ, Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իր ծրագիրը, ասում է, որ մենք փոխադարձ պայմանավորվում ենք, որ բոլոր սահմանադրական գործընթացներն անցկացնում ենք: Դրանից հետո նոր կարող են լինել արտահերթ ընտրություններ։ Պայմանավորվելն այսպես է. Նիկոլ Փաշինյանն իր օրակարգն է առաջարկում, ենթադրում եմ՝ Կարեն Կարապետյանն էլ իր առաջարկներն ունի: Հետո փորձում են ինչ-որ տարբերակի հանգել։ Այս իրավիճակում Կարեն Կարապետյանն ավելի լավ բանակցող է»:
Ի վերջո, ՀՀԿ-ն կմնա՞ իշխանության, թե՞ կհեռանա, եւ ո՞ր տարբերակն է ավելի իրատեսական. այս հարցին էլ փորձագետն արձագանքեց. «Հիմնական բանակցության թեման արտահերթ ընտրությունների ժամկետների հարցն է, մնացածը տեխնիկական քայլեր են։ Տարբերակ է նաեւ իշխանական լծակներն ինչ-որ չափով կիսելը: Յուրաքանչյուրը կողմը ձեռքի տակ՝ իր պորտֆելում, մի քանի տարբերակ ունի։ Քիչ հավանական է, որ նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը որեւէ լծակի չտիրանա։ Եթե պայմանավորվում են արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, ապա լինում է մի սխեմա, որտեղ կողմերը ունենալու են մոտավորապես նույն լծակները կազմակերպչական առումով՝, ներառյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը կամ այլ վերահսկողության կառույցներ, որոնք կարող են ներազդել վարչական ռեսուրսի վրա։ Ընդ որում՝ այսօր հասարակության տրամադրությունն էլ է դարձել գործոն»,-ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ կարեւոր է, որ եթե գնում են ընտրությունների, ով որ լծակին է տիրանում։
Վիգեն Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն միանձնյա չի մնալու իշխանության, սակայն չի բացառվում, որ անցումային շրջանում կողմերը կարող են կիսել իշխանությունը: «Թե ինչ կոնֆիգուրացիայով, դա բանակցության խնդիր է։ Ով մասնակցում է բանակցությունների, նա կարող է փաթեթը ձեռքի տակ ունենալ, եթե այս տարբերակը չի, այս տարբերակն է, որ ի վերջո ինչ-որ բանի գալ։ Այսինքն՝ բացարձակ ինչ-որ մեկի իշխանության մասին հիմա խոսք չկա»,- նշեց նա:
Հարցին՝ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն, ի՞նչ պատկեր կունենանք, որքա՞ն կշիռ կունենան, մասնավորապես, ՀՀԿ-ն ու Փաշինյանի ուժը, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Եթե այսօր կամ մեկ շաբաթից անցկացվեին ընտրությունները, ապա այս պահին փողոցի ազդեցությունը բավական լուրջ գործոն կարող է լինել հնարավոր վարչական ռեսուրսի նկատմամբ, փաշինյանական ընդդիմությունը կարող էր լուրջ ձայներ հավաքել, դա ակնհայտ է։ ՀՀԿ-ի դիրքերը թուլացած են, սակայն պետք է հաշվի առնել, որ ռեսուրս կոչվածը նրանց մոտ պահպանվում է, դա քաղաքական ռեսուրս չէ, այլ վարչական, ֆինանսական ռեսուրս է, ինչը մի օրում չի վերանում, հատկապես, եթե ընտրական գործընթացներում այդ ռեսուրսները կոնսոլիդացվում են»:




























