Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պարբերաբար իր ասուլիսներում վիրավորական արտահայտություններ է կատարում ներկայիս վարչապետի եւ կառավարության մյուս անդամների հասցեին։ Նա ներկա վարչապետին որպես կանոն որակում է «հիմար», «ապուշ» կամ «ինտելեկտից զուրկ» բառերով։ Մեր խնդիրը չէ Տ. Սարգսյանին պաշտպանելը կամ ներկա ու նախկին վարչապետների անձնական հարաբերություններ պարզելը, սակայն հրապարակային քննադատություններն ու բանավեճերը ընդհանուր հասարակական քննարկումների մի մասն են, եւ այդ ընդհանուրի որակի վրա իրենց ազդեցությունն ունեն:
Անշուշտ, կառավարության տնտեսական քաղաքականությունը կարոտ է ամենախիստ քննադատության, եւ Տ. Սարգսյանն էլ բազմիցս վրիպել է հատկապես տեսական հարցերում։ Օրինակ՝ նա սխալվում էր, երբ համոզված պնդում էր, թե NASDAQ-ի մուտքով Հայաստանի արժեթղթերի շուկան ոտքի կկանգնի։ Արդեն մի քանի տարի է, ինչ NASDAQ-ը Հայաստանում է, իսկ բաժնետոմսերի շուկան դեռ զրոյական մակարդակի վրա է։
Տ. Սարգսյանը սխալվում էր նաեւ համաշխարհային ճգնաժամի ազդեցությունների, ճգնաժամի ընթացքի եւ ճգնաժամից դուրս գալու մասին իր դատողություններում։ Նա Հայաստանում վերջին մարդն էր, որ գլխի ընկավ, որ մեզ մոտ իսկապես էլ ճգնաժամ է սկսել։
Տ. Սարգսյանը սխալվում էր, երբ ի լուր ամենքի հայտարարում էր, թե փոխարժեքի վերաբերյալ բանավեճերն այլեւս հնացած են, եւ աշխարհում այլեւս ոչ ոք նման բանավեճերին լուրջ չի վերաբերում։ Երբ նա այս հայտարարություններն էր կատարում, Բրյուսելում Ֆրանսիայի ֆինանսների նախարարը Եվրոբանկի ղեկավարից պահանջում էր արժեզրկել եվրոն, այլապես Ֆրանսիայի տնտեսությունը միլիարդների վնասներ է կրում։ Իսկ «անլուրջ» բառով կարելի է բնութագրել այն բացատրությունները, որոնցով Տ. Սարգսյանը արդարացնում էր ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունը:
Առնվազն զարմանք է հարուցում այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետը հպարտանում է բյուջեի ազատ մնացորդի մեծությամբ, թեեւ դա ավելի շուտ վկայում է բյուջետային միջոցների օգտագործման անարդյունավետության մասին։
Սակայն չի կարելի ասել, թե նախկին վարչապետ Հ. Բագրատյանը տնտեսագիտական անառարկելի հեղինակություն է։ Երբեմն նրա քննադատությունները տեղին են, երբեմն նրա դատողությունները, մեղմ ասած, տարակուսանք են հարուցում։ Հատկապես երբ խոսքը գնում է իր ղեկավարած կառավարության քաղաքականության գովաբանմանը։ Հ. Բագրատյանի վարչապետության տարիներին Հայաստանն ունեցել է ամենածանր հարկային բեռը, որի հետեւանքով աճեց տնտեսության ու աշխատավարձերի ստվերը։ Նրա նախաձեռնությամբ իրականացվող անվերահսկելի զանգվածային սեփականաշնորհումը հանգեցրեց կլանների ու օլիգարխների տնտեսական իշխանության հզորացմանն ու ամրապնդմանը։ Ներկայիս օլիգոպոլիկ տնտեսության հիմքերը փորել է հենց Հ. Բագրատյանը։
Նախկին վարչապետի հնչեցրած կանխատեսումները որպես կանոն անհիմն են եւ մեծամասամբ չեն իրականանում։ Օրինակ, Հ. Բագրատյանի կանխատեսմամբ, դոլարը վաղուց պետք է 450-ից բարձրանար, սակայն այն շարունակում է խարխափել 360-ի շրջանակներում։
Այս թվարկումները կարելի է երկար շարունակել։ Մենք երբեք չենք ունեցել «անթերի» վարչապետ, ու ավելի շատ հիասթափվել ենք մեզ կառավարողների կրթական մակարդակից, քան հիացել ենք նրանց ինտելեկտուալ պատրաստությամբ, կամ անբասիր վարքագծով։
Այսպիսով՝ չի կարելի միանշանակ պնդել, թե ներկա կամ նախկին վարչապետների միջեւ ինտելեկտի էական տարբերություններ կան։ Սակայն, իմ կարծիքով, ներկա վարչապետի մարդկային նկարագիրը շատ ավելի դրական է, քան նախկինինը։ Տ. Սարգսյանը, որպես վարչապետ, անսում է քննադատություններին, երբեմն ընդունում է դրանք, ավելի բաց ու հրապարակային գործելաոճ ունի, շատ ավելի հաճախ է հանդիպում լրագրողների հետ։ Իսկ Հ. Բագրատյանը երբ վարչապետ էր՝ իր բոլոր քննադատների նկատմամբ ագրեսիվ ու անհանդուրժող պահվածք ուներ, եւ ընդհանրապես՝ ոչ մի քննադատություն չէր ընդունում։ Ի դեպ՝ նրա քննադատներից մեկն էլ Տիգրան Սարգսյանն էր, որն այն ժամանակ խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահն էր։
Սամվել Ավագյան





























