ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն նշանակումից հետո ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ բանակցելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն ուրբաթ կհանդիպեն Բելգիայի մայրաքաղաքում՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների՝ հուլիսին նախատեսված գագաթնաժողովին նախապատրաստելու համար: Նախարարները կքննարկեն Ռուսաստանի, Աֆղանստանի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ դաշինքի նոր անդամների համար բաց դռների քաղաքականությունը:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Պոմպեոն «ակնկալում է համոզվել, որ ՆԱՏՕ-ն կպահպանի Ռուսաստանի հետ բնականոն աշխատանքին ոչ ասելու միասնական դիրքորոշումը, ինչպես նաեւ կոչ անել դաշինքի անդամներին կատարել ՀՆԱ-ին 2 տոկոս հատկացնելու մասով իրենց պարտավորությունները»:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պոմպեոն նաեւ բանակցություններ կանցկացնի իր թուրք եւ իտալացի գործընկերների հետ: