NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի հետ.

Պարոն Հովհաննիսյան, Հայաստանի Լիբերալ կուսակցությունը մասնակցելո՞ւ է արդյոք Սերժ Սարգսյանի եւ կուսակցությունների ղեկավարների՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք հանդիպմանը: Եւ ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպման փաստն ընդհանրապես:

Մեր կուսակցությունը չի մասնակցի այդ քննարկմանը երկու պարզ պատճառով: Իհարկե, այդ հարցը արժե քննարկել: Կարծում եմ՝ այն պիտի լայն քննարկման առարկա դառնա Հայաստանի քաղաքական կյանքում, եւ ոչ միայն քաղաքական: Սակայն նման ձեւը շատ ավելի ֆորմալ բնույթ է կրում, եւ դրա էֆեկտը շատ փոքր, զրոյական է, ու ավելի շատ ձեւի համար է, արվում, քան բովանդակության: Կարծում եմ՝ եթե Սերժ Սարգսյանը իրական ցանկություն ունի քաղաքական ուժերի հետ քննարկելու եւ իր որոշումներում ինչ-որ բաներ փոխելու, այդ քննարկումները պիտի լինեն շատ ավելի նեղ շրջանակներում եւ ռացիոնալ հողի վրա:

Ընդամենը մեկ ամիս է մնացել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դրանց վավերացմանը խորհրդարանում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում վավերացման հետ կապված:

Կարծում եմ՝ այդ արձանագրությունները կմտնեն թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի խորհրդարան: Խորհրդարանում քննարկումներ կլինեն: Կախված նրանից, թե Հայաստանի խորհրդարանը, քաղաքական էլիտան ինչ դիրքորոշում ունեն այդ հարցում, ըստ դրա էլ որոշումներ կընդունվեն: Բայց եթե վերցնենք Թուրքիայի խորհրդարանը, շատ ավելի համոզված եմ, որ Թուրքիայի խորհրդարանն այդ արձանագրությունները չի քննարկի ու չի վավերացնի՝ ուղիղ կապելով ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Թուրքիայի խորհրդարանը չի գնա վավերացման քայլին, մինչեւ Ղարաբաղի հարցում իրենց ուզած զարգացումները չստանան:

Հայաստանի իշխանությունները բազմիցս շեշտում են, որ արձանագրություններում բացարձակ որեւէ նախապայման չկա, եւ «այլ պետությունների տարածքային ամբողջականությունը ճանաչելու», «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծման» պահանջները որեւէ կերպ նախապայման լինել չեն կարող: Ձեր կարծիքով՝ այդ արձանագրությունները նախապայմաններ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ:

Իհարկե, պարունակում են, եւ ասելով չէ: Պետք է առնվազն մի քիչ գրագետ մարդ լինել եւ կարողանալ իսկապես փաստաթուղթը կարդալ այնպես, ինչպես կա: Այնտեղ սեւը սպիտակով գրված են բոլոր նախապայմանները: Միայն ասելով չէ, թե նախապայմաններ չկան: Իրականում կան, եւ Հայաստանի ժողովրդի, Հայաստան երկրի համար ամենամեծ ողբերգությունը նրա մեջ է, որ իշխանությունները մինչեւ վերջ հասարակության հետ ազնիվ չեն: Ժոսղովրդին չեն ներկայացնում իրական պատկերը եւ դրա շուրջ քննարկում չեն ծավալում: Դա շատ վտանգավոր խնդիր է:

Հայաստանի Լիբերալ կուսակցությունը մաս է կազմում Հայ Ազգային Կոնգրեսին: ՀԱԿ-ը սկզբնապես հայտարարություն տարածեց հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, որը այդքան էլ կոշտ չէր : Ըստ Ձեզ՝ ՀԱԿ-ն ու գործող իշխանությունները տարբերություններ ունե՞ն այս հարցում:

Իհարկե ունեն: Ունեն եւ տարբերություններ, ունեն եւ նմանություններ: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարության մեջ նշեց, որ շատ է գնահատում առաջընթացը հայ-թուրքական հարաբերություններում, որովհետեւ ՀԱԿ-ը գտնում է, որ իրականում այդ հարցերը պետք է քննարկել: Բայց Հայ Ազգային Կոնգրեսը նաեւ հստակ շեշտեց, որ այդ առաջընթացի մեջ Հայոց ցեղասպանության խնդրի նման աղավաղումը եւ ցեղասպանության խնդրի այդ ենթատեքստով քննարկումը կամ շրջանցումը լուրջ վտանգներ է պարունակում:

Զրուցեց Արտակ Եղիազարյանը