Արցախի առնետները հարձակվել են Ադրբեջանի վրա։ Սա ֆանտաստիկ ֆիլմի սյուժե չէ, ոչ էլ հայերի կողմից հնարված նորագույն զենքի փորձարկում։ Սա Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունն է ադրբեջանական լրատվամիջոցներին։
Այդ երկրի գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաներից մեկը՝ Սաբիր Վելիեւը, Day.Az-ին հայտնել է, որ մի շարք շրջաններում հացահատիկային դաշտերը ենթարկվում են կրծողների հարձակմանը։ Նա չի նշել, թե հատկապես որ շրջաններն են տուժում, սակայն ընդգծել է, որ կրծողների մեծ մասը Ադրբեջան են թափանցում Լեռնային Ղարաբաղի «օկուպացված տարածքներից»։ Իբր, ձյան բացակայության ու չորային եղանակների պատճառով կրծողները Ղարաբաղում սոված են մնացել, ու շարժվել են Ադրբեջանի ուղղությամբ։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կրծողների չափից ավելի ակտիվության մասին հաղորդագրություններ չկան։ Առավել հավանական է, որ կրծողները Ադրբեջան են թափանցում Վրաստանի տարածքից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջերին վրացական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վրաստանի արեւելյան, Ադրբեջանին սահմանակից շրջաններում դաշտային մկները սկսել են ոչնչացնել հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները, որից հետո հնարավոր է՝ կանցնեն դեպի Ադրբեջան։





























