Սոցիալական ապահովության վարչության նախկին աշխատակիցը դատապարտվել է միգրացիոն խարդախության եւ պաշտոնական արձանագրությունների կեղծման համար, հաղորդում է Սակրամենտոյի դաշնային դատարանի մամուլի քարտուղարը, փոխանցում է SlavicSac.com-ը:

Դաշնային դատախազ ՄաքԳրեգոր Սքոթը հայտարարել է, որ 46-ամյա Նելլի Կեսոյանը Ռանչո Կորդովայից դատապարտվել է 4 տարվա եւ 9 ամիս ազատազրկման՝ նատուրալիզացման եւ քաղաքացիության գործերով կեղծ վկայություններ տալու նպատակով դավադրության, ինչպես նաեւ արդարադատությանը խոչընդոտներ ստեղծելու  եւ պաշտոնական արձանագրությունների կեղծման համար:

Բացի այդ՝ դաշնային դատավոր Հարլանդ Բերելը հանցավոր դավադրությանը մասնակցության համար 21 ամսվա ազատազրկման է դատապարտել երկրորդ ամբաստանյալին՝ 61-ամյա Վանիկ Մովսեսյանին: Նելլիի ամուսինը՝ Գրիգոր Կեսոյանը, ավելի վաղ խոստովանել էր իր մեղքը եւ ազատ արձակվել:

Դատարանին ներկայացված ապացույցների համաձայն՝ Սակրամենտոյի Սոցիալական ապահովության վարչությունում երկար տարիներ աշխատած Կեսոյանն իր պաշտոնական դիրքը օգտագործել էր կեղծ փաստաթղթերի ստեղծման եւ պաշտոնական գրառումների կեղծման համար՝ նատուրալիզացման վերաբերյալ երկու գործերում Մովսիսյանին խարդախության հարցում օգնելու նպատակով:

Կեսոյանը նաեւ հանդես էր եկել որպես Մովսեսյանի թարգմանիչ նատուրալիզացման վերաբերյալ երկու հարցազրույցների ժամանակ եւ օգնել էր նրան կեղծ հայտարարություններ անել այդ հարցազրույցների ընթացքում: Քեսոյանը եւ Մովսեսյանը հավելյալ կեղծ փաստաթղթեր էին պատրաստել եւ վկաներին խնդրել էին ստել միգրացիոն ծառայության աշխատակիցներին՝ փորձելով խոչընդոտներ ստեղծել հետաքննության համար: