Մի երկրում, որտեղ հարկային, ոստիկանական, քաղաքական տեռոր է տեղի ունենում, հնարավոր չէ, որ բնակչության թիվն աճի: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, հայտարարեց վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նկատեց, որ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի նախընտրական ծրագրում գրված է, թե 20 տարում ՀՀ բնակչությունը պետք է կրկնապատկվի՝ դառնալով 5.6 մլն: «Մինչդեռ Դուք դեմ եք քվեարկել մեր ներկայացրած 4 մլն բնակչություն ունենալուն: Այսինքն՝ դեմ եք եղել, որ քի՞չ ենք գրել, որ ավելի շա՞տ պետք է լինի բնակչությունը»,- հարցրեց Հակոբ Հակոբյանը: Նա հարցրեց նաեւ, թե ինչպիսի՞ն է լինելու սոցիալական խնդիրների լուծումը, կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացման, աղքատության կրճատման մասով:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «4 մլն բնակչության մասին դրույթին դեմ կքվեարկեի, որովհետեւ դա սուտ է: Արտագաղթը նաեւ արձագանք է այն բոլոր տեռորների, որոնք երկար տարիներ իրականացրել է ՀՀԿ-ն: Այդ էջը փակված է եւ վերադարձ չկա այդ էջին: Սոցիալական հարցերի հետ կապված. մենք ունենք բյուջետային եկամուտներ, տնտեսություն, որը պատրաստ է բավարարել բնակչության կարիքները: Այս փոփոխությունների պատճառը նաեւ այն է, որ մարդիկ հասկացել են, որ այդ խնդրի համար այլեւս չի կարելի հույս կապել իշխող ՀՀԿ-ի հետ: Ես սփյուռքի մեծահարուստ մարդկանցից զանգեր եմ ստանում, որ պատրաստ են գալ ու ներդրումներ անել Հայաստանում: Մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձեւ զարգացում ոչ թե կառավարության ինչ-որ ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ կոնկրետ հայկական սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին: Մեզ սպասում է բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչն էլ բերելու է աշխատատեղերի բացման, թոշակների ավելացման եւ աղքատության կրճատման: Ես չեմ կարող ասել, թե քանի տոկոս կիջնի աղքատությունը, բայց կարող եմ ասել, որ աղքատությունը Հայաստանում հաղթահարելի է»,- հայտարարեց Փաշինյանը: