Մեր դատական համակարգի պրոբլեմն իրականում օրենսդրական չէ, որովհետեւ երբ նայում ես դատական վճիռները, համապատասխանում են Քրեական օրենսգրքին, Սահմանադրությանը, օրենքներին, բայց իրականությանը չեն համապատասխանում, ծայրից ծայր սուտ է: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին գումարված ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, հայտարարեց վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցին, թե որո՞նք են լինելու այն միջոցները, որոնք բերելու են դատական համակարգի անկախության եւ անաչառության:

«Ես չեմ ասում օրենսդրական փոփոխությունների կարիք չկա: Ես ասում եմ՝ տասնյակ տարի օրենքներ են փոխվել, փողեր են ծախսվել, բայց դատական համակարգի էությունը չի փոխվել, այն շարունակել է մնալ ստահոդ: Փոխելու մի տարբերակ կա. իշխանությունը պետք է հրաժարվի դատական համակարգն իր քաղաքական եւ այլ շահերին ծառայեցնելուց: Եթե հարցնեք, թե ո՞րն է երաշխիքը, ես ասում եմ՝ երաշխիքը հրապարակում կանգնած ազատագրված քաղաքացին է»,- ասաց Փաշինյանը:

Ռուստամ Մախմուդյանը նաեւ հարց ուղղեց՝ կապված հանրահավաքների մասնակիցների պատասխանատվության հետ. «Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ կան, որոնցով ճանապարհներ փակելու եւ հասարակական կարգը խախտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու դատավճիռները համարվել են իրավաչափ: Հիմա եթե Դուք վարչապետ եք ընտրվում եւ գլխավոր դատախազը քրեական հետապնդում է իրականացնում ճանապարհներ փակելու եւ հասարակական կարգը խախտելու համար, որո՞նք են լինելու Ձեր գործողությունները»,- հարցրեց ՀՀԿ-ական պատգամավորը: Փաշինյանն այս հարցին չպատասխանեց:

Փոխարենը նա անդրադարձավ ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցին, թե գործող իշխանություների կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ ի՞նչ բացթողումներ կան, որոնք պետք է շտկել:

«Ազգային փոքրամասնությունները մեր պետական ինքնության անբաժանելի մասն են, եւ նրանց իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն: Ես կհամարձակվեմ ասել, որ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքները վատ վիճակում չեն, բայց գիտեմ մի ոլորտ, որտեղ ազգային փոքրամասնությունների համար հնարավորությունները սահմանափակված են: Դա ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունն է: Դա ամենամեծ թերություններից է, որ այսօր գոյություն ունի: Հայաստանում տոտալիտար մտածողության պայմաններում դե ֆակտո իրավիճակ է ստեղծվել, որ ազգային փոքրամասնությունները պարտավորված են զգացել լոյալություն պահպանել իշխանության նկատմամբ, որովհետեւ դա կարող է անցանկալի հետեւանքների բերել տվյալ փոքրամասնության ներկայացուցիչների համար: Ես երաշխավորում եմ ազգային փոքրամասնությունների հասանելիությունը բոլոր իրավունքներին, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքին»,-հայտարարեց Նիկոլ փաշինյանը:

Ռուստամ Մախմուդյանն էլ հիշեցրեց, որ ժամանակին ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են եղել ընդդիմադիր ՀԱԿ-ի ցուցակում, որտեղ եղել է նաեւ Փաշինյանը: