Պետական այցով Կիպրոսում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 18-ին ծաղկեպսակ է դրել Լառնակա քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ավարտելով Կիպրոս կատարած պետական այցը` Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան:
Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, Հունաստանում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նախագահ Կարոլոս Պապուլիասի, Աթենքի եւ Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Խիերոնիմոս II-ի, Խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի, վարչապետ Յորղոս Ա. Պապանդրեուի հետ:
Աթենքում ՀՀ նախագահը կհանդիպի նաեւ Սփյուռքում գործող ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ավարտելով պետական այցը Հունաստան` Սերժ Սարգսյանը հունվարի 20-ին կվերադառնա Երեւան:





























