Ո՞ւմ էր ձեռնտու «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցածը, նրա պառակտումը: Արդեն ավանդական դարձած այս հարցին ի պատասխան, կուսակցությունից հեռացված, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Շատ դժվար է պատասխանել այդ հարցին, համենայնդեպս իմ խորին համոզմամբ դա անհեռատես քայլեր էին, որոնց արդյունքում առավել ազնիվ կուսակցության համբավ ունեցող քաղաքական կազմակերպությունը անկում ապրեց հասարակական իր մակարդակից»: Նրա խոսքով, «այսօր դա խիստ անթույլատրելի է, երբ մենք մտնել ենք այնպիսի զարգացումների փուլ, որտեղ այդ խոսքի կարիքը ավելի քան կար եւ նա կարող էր շատ լուրջ ազդեցություն ունենալ հասարակական գիտակցության վրա»: վարդան Խաչատրյանը հավելեց նաեւ, «Այսպիսի հնարավորության բաց թողնելը շատ լուրջ վրիպում է: Մենք մեղավոր ենք դրանում, որ այդպիսի զարգացումների ընթացք եղավ»:
Ի դեպ, նա խոստովանեց, որ իրեն կուսակցությունից հեռացնելու մասին իմացել է լրատվամիջոցներից եւ որ այդ լուրն իր համար անակնկալ է եղել:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հրաժարվի պատգամավորական մանդատից, որը նա ստացել է որպես «Ժառանգության» ներկայացուցիչ, Վ. Խաչատրյանն ասաց. «Առավել հավանական է, որ կմնամ պատգամավոր»:
«Եթե կա մեղադրանք, որ ես պարտավոր եմ հրաժարվել պատգամավորական մանդատից, դուք կարող եք համադրել, թե ամեն մեկի արածը „Ժառանգություն“ կուսակցության համար ինչ է իրենից ներկայացրել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի կազմում ընդգրկվելուն, արդեն անկուսակցական պատգամավորն արձագանքեց, որ այդ հարցը ներկա ժամանակի խնդիր չէ: «Պետք է հարց դրվի, թե որքանո՞վ են համադրելի իմ եւ Հայ ազգային Կոնգրեսի դիրքորոշումները»,- ասաց նա:




























