ԱՄՆ առեւտրային պատվիրակությունը Չինաստանում հաջող բանակցություններ է վարում, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Նա այս մասին հայտարարել է, երբ պատվիրակությունը Պեկինում սկսել է բանակցությունների երկրորդ՝ վերջին օրը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: 

Չինաստանի տնտեսական քաղաքականության արմատական փոփոխության շուրջ պատմական համաձայնության հասնելը քիչ հավանական է համարվում, սակայն Չինաստանի կողմից կարճաժամկետ միջոցառումների փաթեթը կարող է հանգեցնել չինական արտահանման վրա մաքսատուրքերի սահմանման հետաձգման, որի ընդհանուր գումարը կազմում է մոտ 50 մլրդ դոլար:

Ինչպես սպասվում է Մնուչինի եւ Չինաստանի  փոխվարչապետ Լյու Հեի միջեւ բանակցությունների ժամանակ քննարկվելու է ԱՄՆ պահանջների լայն շրջանակ՝ կապված Չինաստանի առեւտրային պրակտիկայի հետ՝ սկսած տեխնոլոգաների գողությունից մինչեւ տեխնոլոգիական զարգացման համար պետական սուբսիդիաները: «Մեր քննարկումները շատ լավ են ընթանում»,- հյուրանոցից դուրս գալով լրագրողներին ասել է Մնուչինը՝ որեւէ այլ մեկնաբանություն չկատարելով:

Չինաստանը, որը սպառնում է ԱՄՆ դեմ պատասխան միջոցառումներ ձեռնարկել, բանակցությունները դեռեւս չի մեկնաբանել: