Այն ինչ տեղի է ունենում Շիրակի պետական համալսարանում Հայաստանի պետական բուհերում առկա դատապարտելի երեւույթներից ընդամենը մեկի դեմ մղվող պայքար է։ Այս մասին նշել է պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ անդրադառնալով Շիրապի պետհամալսարանում տեղի ունեցող զարգացումներին եւ բողոքի ակցիաներին:
Նրա խոսքով, համակարգային բացթողումների եւ թողտվության հետեւանքով ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, իսկ ոլորտի պատասխանատուները ամիսներ շարունակ չեն կարող լուծել այդ բուհում առկա հարցերը։
«Դեռ անցած տարվա նոյեմբերին ես հեղինակեցի մի անգլալեզու հոդված, որտեղ ներկայացրեցի տեղի ունեցող իրադարձությունների դատապարտելի կողմերը։ Իսկ ս.թ. մարտի 17-ին, իմ գործընկերոջ Ռուբեն Մելքոնյանի հետ հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որով դատապարտեցինք այդ բուհի ռեկտորի կողմից մեր երկու գործընկերներին՝ Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Օրեր առաջ էլ նույն ռեկտորն աշխատանքից ազատել է նաեւ պրոռեկտորներից մեկին՝ Անահիտ Ֆարմանյանին, ով տարիներ շարունակ աշխատել է ՇՊՀ-ի միջազգային զարգացման ուղղությամբ եւ հսկայական աշխատանք կատարել բուհում։
Ինչպես նշել եմ դեռ նոյեմբերին, անընդունելի է, որ ՀՀԿ-ի Շիրակի տարածքային կառույցի ղեկավարը եւ բուհի ղեկավարը լինի նույն մարդը։ Այս ամենից հետո կրկին պետք է փաստել, որ բարձրագույն կրթության հետ ոչ մի առնչություն չունեցող մի բարձրաստիճան կուսակցական ու նախկին չինովնիկ, ստանձնել է ԲՈՒՀ-ի կառավարման ղեկը եւ նախանձելի արագությամբ այդ կրթական օջախի հեղինակությանը կործանարար հարվածներ է հասցնում»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ լուծումներ է առաջարկում, Վահրամ Տեր-Մաթեւոսյանը պատասխանեց. «Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում տեղի ունեցող բուռն իրադարձություններում ամենաշատ քննարկվող խնդիրների մեկը վերաբերում էր կրթությանը։ Ձեւավորվել է ակնկալիք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերջ տալ բուհերի ու դպրոցների կուսակցականացմանը, որը դարձել է սպառնալիք մեր պետական ու կրթական համակարգերի համար։
Իրավիճակն շատ ավելի չբարդացնելու նպատակով տվյալ ԲՈՒՀ-ի ղեկավար Մինասյանի հետագա պաշտոնավարումը անթույլատրելի է։ Շիրակի մայր ԲՈՒՀ-ի ղեկավարի դատապարտելի ամենաթողությունները, որոնց մասին ամեն օր մի աղաղակող նյութ են տեղադրում ԲՈՒՀ-ի նախկին դասախոսները, տարօրինակ կերպով արձագանքի չի արժանանում մարզի դատախազության կողմից։ Նրա գործած սխալները եւ բացթողումներին պետք է արժանան իրավական գնահատականի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտից Շիրակի պետհամալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:
Նշենք, որ նախօրեին ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:




























